ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԷՄԵՐՋԵՆՏ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
05․05․2026
Արզումանյան Հրաչյա
Հոդվածում հետազոտվում են «էմերջենտ դարաշրջանի» բնորոշ գծերը՝ խորը գլոբալ տրանսֆորմացիաների մի շրջան, որը փոխում է այնպիսի սոցիալական ինստիտուտների հիմնարար օրինաչափությունները (պատերնները), ինչպիսիք են ընտանիքը, պետությունը և համաշխարհային քաղաքական համակարգը: Որպես հոդվածի առանցքային վերլուծական գործիք ծառայում է Ջեյմս Ռոզենաուի «ֆրագմեգրացիայի» հայեցակարգը, որն արտացոլում է հասարակական կյանքի բոլոր մակարդակներում միաժամանակ ընթացող ինտեգրման և ֆրագմենտացման (մասնատման) գործընթացների բարդ փոխազդեցությունը: Դիտարկվում է անցումը հիերարխիկորեն կառուցված «հումանիտար» մշակույթից դեպի պատահականության հիման վրա ձևավորվող «մոզաիկ մշակույթին», ինչն արագացել է տեղեկատվական-հաղորդակցական հեղափոխության և էլեկտրոնային ԶԼՄ-ների տարածման հետևանքով: Վերլուծվում է ազգային պետության տեսակարար կշռի նվազումը և դրան զուգահեռ իշխանության նոր «ոլորտների» (SOA) առաջացումը, որոնք գործում են ավանդական պետական սահմաններից վեր և դրանց ներսում:
Հոդվածի երկրորդ մասը նվիրված է 21-րդ դարում անվտանգային միջավայրի տրանսֆորմացիային. հետազոտվում է, թե ինչպես է անսահման տեղեկատվական տարածության ձևավորումը վերակառուցում ազգային հզորության կառուցվածքը և աշխարհաքաղաքական մրցակցությունը: Եզրափակիչ մասում դիտարկվում են մշակույթի տեխնոլոգիականացումը, «տեխնոպոլիայի» սպառնալիքները հանրային ազատության համար, ինչպես նաև այն հնարավորություններն ու ռիսկերը, որոնք ցանցային հասարակությունը բերում է ապագա սոցիալական կարգի համար: Որպես եզրակացություն՝ հիմնավորվում է անցման անհրաժեշտությունը դեպի ոչ գծայնության և բարդ մտածողության պարադիգմին՝ որպես համարժեք ինտելեկտուալ պատասխան նոր դարաշրջանի համատարած անորոշությանը:
Բանալի բառեր: էմերջենտ դարաշրջան, գլոբալացում, ֆրագմեգրացիա, մոզաիկ մշակույթ, տեղեկատվական տարածություն, ազգային հզորություն, տեխնոպոլիա, սոցիալական կարգ, անվտանգային միջավայր, ազգային պետություն, իշխանության ոլորտներ, ինքնակազմակերպում, ցանցային հասարակություն: